Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  Գլխավոր Տեսահոլովակներ Երգեր Քվեարկություն TOP 10 Լուսանկարներ Սպորտ Կապ
Տրանսֆերային ձմեռ. Ամենաակտիվը  Գանձասարն էր
2013-03-01 14:54:49
Կարդացել են 135
Երեկ Հայաստանում պաշտոնապես փակվեց տրանսֆերային պատուհանը, ուստի արդեն կարող ենք ամփոփել հայկական ակումբներում իրականացված տեղափոխությունները: Ընդամենը մեկ օրից Հայաստանում պաշտոնապես վերսկսում է ֆուտբոլային մրցաշրջանը, իսկ Գավաթի քառորդ եզրափակչում հանդես կգան 8 թիմեր։
«Շիրակ» (Գյումրի)

Մրցաշարային աղյուսակը գլխավորող գյումրեցիների հիմնական կազմից ձմռանը հեռացան պաշտպան Հրայր Մկոյանը և հարձակվող Ֆոֆանա Բեկոն: Վերջինս վարձավճարով տեղափոխվել է Իրան և մայիսին կվերադառնա Գյումրի: Հեռացել է նաև թիմի հարձակվող Մկրտիչ Նալբանդյանը, սակայն անցած տարի նա հիմնական կազմում չէր հայտնվում:
Հեռացածների փոխարեն «Շիրակի» կազմը համալրել են՝ գանացի պաշտպան Սամուել Կյերեն, քենիացի հարձակվող Ջորջ Օդիամբո Օգուտոյին և Գերմանիայում ելույթ ունեցած երիտասարդ Դավիթ Մարիկյանը, որին «Շիրակի» մարզիչները դիտարկում են որպես եզրային պաշտպան: «Շիրակ» է վերադարձել Դամ Դիոպը, ով նախորդ տարվա առաջին հատվածում հաջող ելույթ ունցավ թիմի կազմում: Թվում է, թե համալրումներն ավելի լուրջ են, քան կորուստները, և «Շիրակին» կհաջողվի պահպանել մարտունակությունը:
«Միկա» (Երևան)

Չեմպիոնի կոչման համար պայքարող «Միկան» այն եզակի թիմերից է, որը համալրում չի ստացել, սակայն ունեցել է բավական լուրջ կորուստներ: Առաջին հերթին, պետք է նշել դարպասապահ Գևորգ Կասպարովի տեղափոխությունն իրանական «Զոբ Ահան», որտեղ նա հանդես է գալիս վարձավճարով: Կասպարովը Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող լավագույն դարպասապահն էր և նրա հեռանալուց հետո Ժոլտ Հորնյակի գլխավորած թիմում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, քանի որ խոսքը գնում է խաղային ամենակարևոր դիրքի մասին...
«Միկայից» հեռացել է նաև Նարեկ Բեգլարյանը, ով թիմի հիմնական հարձակվողներից էր: Սպասվում էր, որ «Միկան» նոր հարձակվող կգտնի, սակայն նոր փոփոխություն ակումբում չարձանագրվեց: Նման իրավիճակում, «Միկայի» խնդիրը չեմպիոնության համար պայքարում ավելի է բարդանում:
«Գանձասար» (Կապան)

Կապանցիներն ամենաակտիվն էին տրանֆերային շուկայում և դա բնական է, քանի որ նախորդ տարվա 2-րդ հատվածում թիմից հեռացան մի շարք ֆուտբոլիստներ և համալրման լուրջ կարիք կար: «Գանձասարի» շարքերը համալրեցին՝ Արտակ Դաշյանը, Գրիշա Խաչատրյանը (երկուսն էլ՝ «Բանանց»), Նարեկ Բեգլարյանը («Միկա»), Սամվել Մելքոնյանը («Ուլիս»), Ալեքսանդր Պետրոսյանը («Արարատ»), բրազիլացիներ Դու Բալան և Ուիլիան Պոտկերը: Նկատենք, որ «Գանձասարի» շարքերը համալրած հայ ֆուտբոլիստները, հիմնականում, բարձրագույն խմբում հանդես գալու մեծ փորձ ունեցող խաղացողներ են, ովքեր ժամանակին մեծ հույսեր են ներշնչել, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ամբողջովին դրսևորել իրենց և ապացուցելու շատ բան ունեն: Նրանց շարքը կարելի է դասել նաև Դու Բալային, որից 2012թ. ամռանն անհասկանալի պատճառներով հրաժարվեց «Բանանցը»: Դու Բալան նույնպես ասելիք կունենա առաջիկա ամիսներին:

«Իմպուլս» (Դիլիջան)

Բրոնզե մեդալների մյուս հավակնորդերից «Իմպուլսը» կորուստներ չունի: Ներկայումս գերմանական «Շալկե-04»-ում փորձաշրջան է անցնում մակեդոնացի Ֆիլիպ Տիմովը, սակայն Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակվել է, ուստի եթե նույնիսկ նրան Գելզենկիրխենում հավանանեն, ապա գործարքը կկայանա միայն ամռանը:

«Իմպուլս» է վերադարձել մոլդովացի Կոնստանտին Մանդրիչենկոն, ով հանդես է գալիս կիսապաշտպանությունում: Նկատելի է, որ «Իմպուլսը» մեդալների համար պայքարում իր հիմնական մրցակից «Գանձասարից» անհամեմատ համեստ համալրում է ստացել:

«Փյունիկ» (Երևան)

Ուսումնամարզական հավաքների ընթացքում հայկական թիմերից ամենաանհաջող ելույթներն ունեցավ «Փյունիկը», որում ստեղծված իրավիճակից դժվար է գլուխ հանել: Թիմն արդեն երկար ժամանակ է՝ չի ցանկանում հրավիրել փորձառու խաղացողների և ելույթ է ունենում հիմնականում սեփական կադրերով: «Փյունիկի» սաներին միացել են նաև արտասահմանում ելույթ ունեցած հայ երիտասարդներ, որոնք նախկինում հանդես են եկել արտերկրի տարբեր թիմերի երիտասարդական և պատանեկան թիմերում: «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի հավաքականի խաղացող Արտակ Եդիգարյանը, ով նախորդ ամառ տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ»: Այլ լուրջ համալրումներ փոխչեմպիոնի կազմում չեն գրանցվել: Նման կազմով բրոնզե մեդալակիր դառնալը «Փյունիկի» համար հերոսություն կլինի: Պետք է նշել նաև, որ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ռաֆայել Նազարյանը, իսկ դարպասապահներին մարզելու է ռուս փորձառու մասնագետ Ալեքսեյ Չիստյակովը:

«Ուլիս» (Երևան)

Առաջնությունում «Ուլիսն» արդեն ոչնչի չի հավակնում. ակումբը չցանկացավ զուտ Գավաթի խաղարկության համար լուրջ համալրում ստանալ: «Ուլիսից» հեռացել են Սամվել Մելքոնյանը, Գալուստ Պետրոսյանը, Հովհաննես Գրիգորյանը, Նորայր Գրիգորյանը, Հովհաննես Մաճկալյանը և Մանվել Աֆրիկյանը: «Ուլիսի» շարքերը համալրել են Մկրտիչ Նալբանդյանը («Շիրակ»), Արգիշտի Պետրոսյանը («Բանանց»), Կարեն Իսրայելյանը (ազատ խաղացող) և լուծարված «Կինգ Դելյուքսի» մի շարք ֆուտբոլիստներ:

«Բանանց» (Երևան)

Նախավերջին տեղում գտնվող թիմում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Ռաֆայել Նազարյանին փոխարինեց ուկրաինացի Վլադիմիր Պյատենկոն, ով աշխատել է Դոնեցկի «Մետալուրգում»: «Բանանցից» անհասկանալի պատճառներով հեռացավ թիմի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ Արտակ Դաշյանը, որի հետ միասին «Գանձասար» է տեղափոխվել նաև Գրիշա Խաչատրյանը: «Բանանցում» չէ նաև Արգիշտի Պետրոսյանը: Մինչդեռ «Բանանցի» շարքերը համալրել են «Մետալուրգի» նախկին ֆուտբոլիստներ, ովքեր Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես գալու փորձ չունեն:
 
«Արարատ» (Երևան)

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ լիովին կերպարանափոխված «Արարատը» ձմռանը հրաժարվեց մի շարք ֆուտբոլիստներից, որոնց փոխարեն թիմի շարքերը համալրեցին Հովհաննես Գրիգորյանը, Նորայր Գրիգորյանը, Գալուստ Պետրոսյանը (երեքն էլ՝ «Ուլիս»), Աղվան Հայրապետյանը և Յամադոու Կեյտոն (երկուսն էլ՝ «Գանձասար»): Թիմն ավելի լուրջ ձեռքբերումների մասին կմտածի ամռանը, երբ սկսի նախապատրաստվել Հայաստանի 2013/14թթ. առաջնությանը:

«Ալաշկերտ» (Մարտունի)

Առաջին խմբի առաջատար «Ալաշկերտը», որն ապահովել է իր տեղը Հայաստանի հաջորդ բարձրագույն խմբում և շարունակում է պայքարը Գավաթի խաղարկությունում, ձմռանը իրականացրել է մի շարք կարդային փոփոխություններ, որոնք շարունակական են լինելու Ալբերտ Սարգսյանի գլխավորած թիմում: «Ալաշկերտն» արդեն ձևավորում է նաև 2-րդ թիմ, որը մասնակցելու է Հայաստանի առաջին խմբի հաջորդ առաջնությանը: Կադրային ավելի լուրջ փոփոխություններ այս թիմում սպասվում են ամռանը:




Աղբյուրը՝ armsport.am
Նյութը՝ Ա.Կ
  Bookmark and Share
 
Գլխավոր   Տեսահոլովակներ   Երգեր   Քվեարկություն   TOP 10   Լուսանկարներ   Սպորտ   Կապ  




Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը armtop.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
“Individum marketing group” LTD
Հեռ՝ +374 (77) 54 20 02
Էլ. փոստ` armtop@list.ru
Website created by Alteza Studio LLC